Կառավարությունն այս տարի ևս 10 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիաներին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

ՀՀ կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Այս մասին համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ  ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, նախորդ տարի տեղական ինքնակառավարման մարմինների համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդի պատրաստակամություն էինք հայտնել, նույնիսկ 15 մլրդի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել»,- ասել է վարչապետը:

Քանի որ կարևորագույն խնդիրը համայնքներում ներդրումային միջավայրի բարելավումն է և տնտեսական ակտիվության խթանումը, ըստ Փաշինյանի, իրականացվելու են ենթակառուցվածքներին վերաբերող սուբվենցիոն ծրագրեր, թեև ՀՀ վարչապետը այլ կարգի ծրագրերի ֆինանսավորումը ևս չի բացառում: