ԵԿՄ-ում հավաք էր․ Սասուն Միքայելյանը խուսափեց հարցերից

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

 Այսօր՝ փետրվարի 11-ին, Երկրապահ կամավորականների միությունում վարչության փակ նիստ է գումարվել, որին մասնակցում էին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ անդամներ։

Մինչև նիստի մեկնարկը Միքայելյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

24News- ի տեղեկություններով՝ նիստին որոշում է կայացվել ԵԿՄ նախագահ ընտրել հենց Սասուն Միքայելյանին։ Առաջիկայում, ըստ ամենայնի, տեղի կունենա համագումար, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի ԵԿՄ նորընտիր նախագահի անունը։ ԵԿՄ նախագահի պաշտոնը 1999 թվականի դեկտեմբերից մինչև նախորդ տարվա հունիսը զբաղեցնում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ ԵԿՄ-ն որոշեց կասեցնել վերջինիս լիազորություններն այն բանից հետո, երբ նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: