Հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում զգալի ներուժ կա. սոցապնախարարն ընդունել է դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել և գործնական փուլ տեղափոխել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության․

«Ներկայումս Ղազախստանի մեր գործընկերների հետ հեռավար կարգով տեղեկատվության և փորձի փոխանակում է իրականացվում՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների ու զարգացումների վերաբերյալ։

Կարծում ենք՝ Տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում ամրագրված միջգերատեսչական հուշագրի ստորագրումը մեր համագործակցության ուղղությունները կդարձնի առավել կանոնակարգված և արդյունավետ»։ 

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու ոլորտային առաջնահերթությունները՝ միաժամանակ նշելով, որ դրա շրջանակում արդյունավետ կարող է լինել նաև Հայաստանի փորձը․

«Տեղյակ ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Կարծում ենք, որ նախարարությունը լուրջ բարեփոխումներ իրականացնող կարևոր գերատեսչություններից է, որի նախաձեռնած փոփոխությունները գլոբալ զարգացումների տեսանկյունից հետաքրքրական են և կարող են օրինակ ծառայել նաև Ղազախստանի համար»։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ժողովրդագրության, սոցիալական բնակապահովության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում իրականացվող ծրագրերի դերը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով իրականացնել փորձի փոխանակում։

--00—ԼՄ