Պետական կառավարման համակարգում արձանագրվել են գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ. ՊՎԾ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

l-0x63wh-1500x874z-0.524.jpeg

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։

2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին:

Համապատասխան շտկումներ իրականացնելու նպատակով արձանագրված բոլոր դեպքերով առաջարկություններ են ներկայացվել ոլորտային պատասխանատու մարմինների ղեկավարներին: Իրականացված կանխարգելիչ գործառույթի իրացման արդյունքում նշված ընթացակարգի հրավերներում կատարվել են առաջարկվող փոփոխությունները՝ դրանք համապատասխանեցվել են գնումների օրենսդրության պահանջներին:

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնումների գործընթացը հիմնվում է պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման սկզբունքների վրա», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնման առարկայի բնութագրերը` պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար, պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը»:

Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 22-րդ կետով սահմանված է նաև՝ «Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ...»:

Զուգահեռ իրականացվել է նաև 2021-2022թթ. ընթացքում հանրային գնումների մշտադիտարկում հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների կողմից կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմինների տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը:

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությանը կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։

--00--ՀԶ