Արգենտինայից պատվիրակություն է ժամանել` մասնակցելու ապրիլքսանչորսյան հիշատակի արարողություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

,

Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են արևելագետներ, լրագրողներ, փաստաբաններ, գործարարներ:

Պատվիրակությունը գլխավորել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ երկու պետությունների բարեկամական կապերն առավել քան երկդարյա պատմություն ունեն, և Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է: Նա ընդգծել է, որ Խուան Պաբլո Գեչիջյանն ու նրա ղեկավարած ընկերությունը կամուրջ են երկու ժողովուրդների միջև:

Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով՝ այցի նպատակն է խորացնել մշակույթի և պատմության ճանաչելիությունը:

«Մեծ համակրանք  ունեմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, հետաքրքրված եմ հայկական հարցով: Մենք այստեղ ենք ապրիլի 24-ին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- ասել է լրագրող-փաստաբան Կարլոս Մասլատոն:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական կապերի զարգացմանը, բարեկամական խմբերի համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: