Ալիևը Հայաստանին առաջարկում է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ Բաքվի 5 սկզբունքներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

aliev.jpg

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակներում պետք է խաղաղ համաձայնագրի շուրջ կոնկրետ բանակցություններ սկսեն:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել՝ մեր կողմից առաջարկված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա: Ներկայում երկու երկրների ԱԳ նախարարությունները զբաղվում են աշխատանքային խմբերի ձևավորմամբ»,- ընդգծել է Ալիևը:

Նրա կարծիքով՝ մոտ ժամանակներում անհրաժեշտ է կոնկրետ բանակցություններ սկսել, և կարիք չկա, որ այդ բանակցությունները երկար տևեն, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է միայն 5 բազային սկզբունքների հիման վրա:

«Համաձայնագրի տեքստը կարող է մշակվել և ստորագրվել առաջիկայում»,-հայտարարել է Ալիևը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում ընթացող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդկերպ կարող են կարգավորվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այդ թվում՝ դիվանագիտական կապերը:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և բացառի այդ երկրի նկատմամբ տարածքային պահանջները:

--00--ՀԶ