ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստմանը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում ապրիլի 19-20-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթաց: Այդ նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչները`  Անդրեյ Մունտեանը և Օքսանա Գիսկան, այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել նորաստեղծ կառույցի գործունեությանը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման քննության արդյունավետության բարձրացման ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով դասընթացների անցկացումը:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, կառույցի քննիչների համար ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող  առցանց ուսուցման ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022-ի մարտից: Արդարադատության ակադեմիայում ապրիլի 19-20-ը կազմակերպված միջոցառումը նշված դասընթացների ամփոփումն էր: Դասընթացների հիմնական նպատակը փողերի լվացման դեպքերի քննության վերաբերյալ փորձի փոխանակումն ու նախորդող ֆինանսական հանցագործությունների քննության գործում քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր: Հաջողված դեպքերի օրինակներով քննիչներին ներկայացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետ մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Հայկական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում:

Նշվում է, որ հանդիպումների ավարտին ԵԱՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվանից ԵԱՀԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, և արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

--00--ԱՀ