«Կարմիր խաչ»-ը վերջերս գերեվարված հայ զինծառայողի հարցով երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հասարակական

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեն տեղյակ է ապրիլի 23-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ կապված միջադեպի մասին, Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսություն է ընթանում։ Այս մասին 24News-ին ասաց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով գերեվարված զինծառայողի դեպքին։

«Մեր հարցումները, մեր համապատասխան երկխոսությունը վարում ենք ներգրավված իշխանությունների հետ, այս պահին դրանից ավել որևէ լուր չենք կարող հայտնել», - նշեց Ամատունին։

Ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովի կապը N զորամասի հետ: «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - նշվում էր հաղորդագրության մեջ:

«Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հրապարակայնացնելու այլ տեղեկատվություն չունեն։ «Կարող եմ միայն ասել, որ տեղյակ ենք դեպքի մասին։ Եվ համապատասխան իշխանությունների հետ վարում ենք երկխոսություն», - նշեց նա։

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ այլ գերիներին, ապա Ամատունին ասաց, որ ապրիլին է հարազատների և նրանց միջև տեսաուղերձների, նամակների փոխանակում եղել։ «Մեր հերթական տեսակցությունը եղել է ապրիլի սկզբին։ Մենք տեսակցել ենք նրանց, որոնց գերեվարումը հաստատված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ ինչպես սովորաբար մեր պարբերական այցելությունների շրջանակներում, այնպես էլ վերջերս տեսաուղերձներ փոխանակելու, զանգելու, նամակ գրելու հնարավորություն տրվել է բոլորին», - եզրափակեց «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։