ԿԲ-ն սնանկացնում է տեղական արտադրողներին ու բնակչության․ Սուրեն Պարսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

image_750x_6267c03373c00.jpg

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․

«Վերջին օրերին դոլարի/եվրոյի կտրուկ արժեզրկման ներքին և արտաքին պատճառներ գոյություն ունեն, սակայն դա աղետալի իրավիճակ է ստեղծել տեղական արտադրության, արտահանողների և բնակչության համար։ 

Արտահանողների մի մասը արդեն տուժել է ռուսական ռուբլու արժեզրկումից, հիմա էլ մյուս մասը տուժում է դոլարի/եվրոյի արժեզրկումից։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում տուժել են ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։

Եվ ճիշտ հակառակը, ներկայումս շահում են ներկրող-մենաշնորհները (կարագ, ձեթ, ալյուր, շաքարավազ, բենզին և այլն), որոնք շարունակում են գին թելադրել շուկայում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի համար կենտրոնական բանկը նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն փաստացի՝ հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքը կազմել է 7,8 տոկոս, այսինքն՝ ԿԲ-ն հեռու է իր նպատակից։

Մարտի 15-ին ԿԲ-ն կտրուկ ավելացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից հասնելով 9,25։ Սա ևս նպաստեց դրամի արժևորմանը։

Սովորաբար ԿԲ-ն դրամի արժեզրկումը կանխելու համար տասնյակ միլիոն դոլարներ էր ներարկում տնտեսության մեջ, իսկ ներկայումս հիմնականում դիտորդի դերում է, շուկայից չի հանում օրական մոտ 10 մլն դոլարի ավելցուկը, ինչը հանգեցնում է դոլարի արժեզրկման։ ԿԲ-ում կանխատեսում են, որ այս իրավիճակում, եթե սկսեն մեծ քանակությամբ դոլար առնել շուկայից, ապա հնարավոր է դրամն արժեզրկվի, և գները սկսեն աճել։ Սակայն գներն շարունակում են աճել ի հեկճուկս ԿԲ-ի։ Իրականության մեջ խնդիրը գնաճ չէ, այլ մարդկանց եկամուտների անհամաչափ բարձրացումը։

ԿԲ-ն, փորձելով զսպել գնաճը, սննկացնում է տեղական բիզնեսը։ Զուտ դրամավարկային գործիքներով հնարավոր չէ վերահսկել գները, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոս անկման հետևանքով առաջացող սննդամթերքի գնաճը ԿԲ-ն չի կարող կարգավորել, դա կառավարության խնդիրն է, որն ամբողջությամբ ձախողել է գյուղատնտեսական քաղաքականությունը։

Արժևորված դրամից տուժում են նաև դրսի տրանսֆերտներով ապրող ընտանիքները։ Մասնավորապես՝ եթե շաբաթներ առաջ դրսից ստացված 100 դոլարով 50000 դրամի չափով գնումներ կարող էր անել ընտանիքը, իսկ հիմա՝ 45000 դրամի, այսինքն՝ 10 տոկոս ավելի քիչ։ Ընտանիքների սպառման ծավալների նվազումը իր ազդեցությունն է թողնելու նաև առևտրի և ծառայության ոլորտների վրա։ 

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականություն գոյություն չունի կամ ուղղակի ստորադասվում է ֆինանսական համակարգի կարճաժամկետ շահերին»։

--00--ՀԶ