Առանց կրթության և գիտության ՀՀ զարգացում չի լինի․ Նախագահը՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի29-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:  

Այս մասին տեկեղացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը, ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը:  Աշոտ Սաղյանը նշել է, որ 2021-ին COVID-19 համավարակի ու հետպատերազմյան դժվարին պայմաններում ակադեմիան շարունակել է գիտական և գիտակազմակերպական բնականոն գործունեությունը: 

ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:  

Հանրապետության նախագահը ողջունելով ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին, նշել է, որ իր համար պատիվ է ներկա գտնվել մի միջավայրում, որն իր համար շատ հոգեհարազատ է:  
«Ես իմ կյանքի բավականին երկար ժամանակը նվիրել եմ գիտությանը և միշտ ինձ համարել եմ ձեզնից մեկը: Ինքս երբևիցե օտարացած չեմ զգացել այս միջավայրից և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել գիտնական: Գիտնական դառնալը քչերին է տրված և սա պետք է գնահատենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը: Ի վերջո, մեր հպարտությունը միշտ որպես հայ եղել է մեր գիտությունը, կրթված մարդիկ»,- ասել է Հանրապետության նախագահը: 

Անդրադառնալով գիտության ակադեմիայի գործունեությանը նախագահ Խաչատուրյանն երկու կարևոր հանգամանք է առանձնացրել. «Երևույթները խորությամբ ուսումնասիրելու, վերլուծելու անհրաժեշտություն կա: Մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ գիտական հիմնավորումները հաշվի առնել: Այդ գործում ձեր մասնակցությունը շատ խիստ անհրաժեշտ է,- ասել է նախագահը: 

-Մենք հանրային խոսքում, քաղաքականության մեջ մի մեծ խնդիր ունենք: Երբ տեսակետներ ենք ասում, դրանք շատ դեպքերում գիտականորեն հիմնավորված չեն, այլ պարզապես ցանկություններ են, և դա մոլորության մեջ է գցում բոլորիս, իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական ուժերին, հանրությանը: Հասարակության մեջ այդ չհիմնավորված տեսակետները խառնաշփոթ են առաջացնում:  Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն»:  

Վահագն Խաչատուրյանը կարևորել է գիտական քննարկումների անհրաժեշտությունը: 

«Եթե փորձեք հիմա գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, ապա կհասկանաք, որ դրա պատճառը գիտությունից հեռվանալն է: Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այդ սկզբնաղբյուրին, որը կոչվում է միտք, անաչառություն, ազնվություն, իրատեսություն»,- նշել է նախագահը:  
Նրա խոսքով՝ առանց կրթության և գիտության Հայաստանի Հանրապետության զարգացում չի լինի: «Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն այս օղակը պետք է ամբողջական լինի: Դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից սկսած մենք պետք է մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին պատրաստենք ավելի կիրթ մարդ դառնալուն և դրա հետ մեկտեղ՝ երկրին ավելի նվիրված լինելուն»,- ասել է նախագահը:  

Հանրապետության նախագահը բոլորին հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել:

«Հայաստանի իշխանության բոլոր օղակները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը ձեր կողքին են, ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցողն են, պատրաստ են քննարկել ցանկացած բարդ հարց, որը կարող է ծագել: Մենք վաղվա օրվա մեր պետությունը կառուցելու մեջ միայն և միայն միասին կարող ենք լինել, առանձին-առանձին մենք ուղղակի գոյություն չենք կարող ունենալ»,- եզրափակել է Հանրապետության նախագահը:

--00--ԱԱ