Ընդդիմության վիճակը վատ է. միգուցե չհաջողեն, դրա համար շատերն այս դահլիճ չպետք է հետ վերադառնան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ԱԺ խոսնալ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների ֆոնին որևիցե խուճապ չկա և չի կարող լինել, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։

«Ընդդիմությունն այսօր վատ իրավիճակում է, մեղմ ասած՝ բավականին վատ իրավիճակում է հայտնվել, և պետք է ասեմ՝ իրենց հասկանում եմ, որովհետև սա իրենց համար միգուցե վերջին շանսն է, և այս փորձից հետո իրենք՝ որպես քաղաքական գործիչ․․․ կարծում եմ, նրանցից շատերը չպետք է վերադառնան այս դահլիճ, քանի որ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա հավելել, որ ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։

ԱԺ խոսնակը նաև ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում իր ընդդիմադիր գործընկերների գործունեությանը, թեև բացասաբար է վերաբերվում հայհոյանքներին ու ագրեսիային։ Իսկ ոստիկանական գործողությունները գնահատում է համաչափ։