Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը ոչ թե իջեցված է, այլ հավասարեցված է պոլին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

մոսի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ

- Արցախի փրկության կարգախոսով շարժմանը մասնակցո՞ւմ եք, ի՞նչ կասեք պայքարի այս փուլի մասին, ընդդիմությանը կհաջողվի՞ հեռացնել իշխանություններին, որոնք, ըստ իրենց, սպառնում են Արցախի գոյությանը։

- Այդպիսի գիտելիքներ ես չունեմ։

- Չե՞ք այցելում պայքարի հրապարակներ, շփվում  մարդկանց հետ․․․

- Հեռու եմ այդպիսի գործերից, ես քաղաքական գործիչ չեմ։

- Բայց Դուք այլեւս նախկին զինվորական եք, ինչո՞ւ եք Ձեզ զրկում որպես քաղաքացի, առավել եւս՝ որպես արցախցի դրսեւորվելուց։

- Մարդը, որ 30 տարիներ զինվորական է լինում, չի կարող փոխվել, ես այդպես երեւի ծնվել եմ։

- Ենթադրվում էր, որ Արցախի փրկությանն առաջինը արցախցիները կնետվեին, իշխանություններն էլ չէին չարախոսի, թե երեւանցին, կամ Երեւանում Արցախ չեն փրկում։

- Ես ոչ մի էշության չեմ արձագանքում։

- Իշխանությունների ասածն էշությո՞ւն է։

- Ընդհանրապես, որեւէ քաղաքական արտահայտություն չեմ մեկնաբանում, որովհետեւ ես դրանից բան չեմ հասկանում։

- Այսինքն՝ բոլոր քաղաքական հայտարարություններն էշությո՞ւն են։

- ․․․Հա, ի՞նչ ես ուզում դրանով ասես։

- Դուք ասացիք արդեն։

- Քաղաքականությունն ու զինվորականությունն անհամատեղելի երեւույթներ են։

- Իսկ քաղաքացի, արցախցի լինելն ու հանուն Արցախի պայքա՞րն էլ է անհամատեղելի։

- Զինվորականներն իրենց գործով պետք է զբաղվեն, քաղաքական գործիչները՝ իրենց, ամեն մարդ պետք է իր մասնագիտությամբ զբաղվի։

- Իսկ Դուք հիմա որտե՞ղ եք ծառայում, զինվորականի Ձեր գործը որտե՞ղ եք անում։

- Ինձ ինչ հնարավորություն ընձեռվում է, զբաղվում եմ։

- Խորհուրդնե՞ր եք տալիս բանակի ղեկավարներին, գուցե հաստիքով աշխատո՞ւմ եք, որի մասին մենք չգիտենք։

- Ոչ, ես էլ չեմ ծառայելու, այլեւս պաշտոն չեմ զբաղեցնելու, ուզում է աշխարհը փուլ գա, ես հոգնել եմ, 35 տարի ծառայել եմ։

- Ես էլ մտածում էի՝ բանակը ոչնչացրել են, դրա համար էլ ցանկություն չունեք ծառայելու։

- ․․․Էհ։

- Իսկ ՀՀ գործող իշխանություններից Արցախի ճակատագրին ուղղված վտանգներ տեսնո՞ւմ եք։

- Ես շատ շուտ եմ հայտարարել դրա մասին, ահազանգել եմ առաջինը եւ այլեւս անիմաստ եմ համարում կրկնել։

- Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները Արցախի փրկության օրակարգով պայքար են սկսել, կարծում եք՝ անիմա՞ստ է այդ պայքարը։

- Իրենք քաղաքական գործիչներ են, իրենց գործն է դա, պիտի զբաղվեն։

- Արցախը փրկելը միայն քաղաքական գործիչների՞ խնդիրն է։

- Քաղաքական գործիչներն իրենց գործը պիտի անեն, զինվորականները՝ իրենցը, եւ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Ես կրկնում եմ՝ այդպիսի ունակություններ չունեմ, որ ասեմ՝ քաղաքական գործիչներին կհաջողվի՞, թե՞ ոչ։

- Ամիսներ առաջ ավելի անկաշկանդ էիք Ձեր գնահատականներում, իշխանություններին քննադատում էիք, հիմա կարծես ինչ-որ բան է փոխվել։

- Ոչ, կյանքում չի կարա իմ մոտ որեւէ բան փոխվի, եւ ոչ մեկը չի կարող իմ մոտ որեւէ բան փոխել, կարող եք հարցնել նախկին բոլոր ղեկավարներից։ Ես նախկինում արտահայտվել եմ բանակի անվտանգության հարցերով, էլի մնում եմ իմ կարծիքին։

- Հընթացս էլ նախկինում մեղադրում էիք Փաշինյանին ու իր թիմին։

- Կարո՞ղ եք մի բան ասել, որը չի վերաբերել զինվորական գործին, անվտանգային խնդիրներին։

- Բայց ընդդիմությունն էլ, չէ՞, անվտանգային խնդիրներին վերաբերող հայտարարություններից հետո դուրս եկավ փողոց, չե՞ք լսել, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե կա պարտադրանք՝ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս արտահայտության տակ Դուք անձամբ ի՞նչ եք հասկացել։

- Ես դա հասկացել եմ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթում, նշաձողը չի իջեցվում, նշաձողը հավասարեցված է պոլին, հատակին։ Սրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել եմ, եթե մարդիկ, քաղաքական գործիչները եւ այսօրվա ակտիվ հասարակությունը չեն հասկացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե ինչ է ստորագրված, անիմաստ է, որ մարդիկ քաղաքականությամբ զբաղվեն։ Այդ փաստաթղթում արդեն գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված։

- Ուզում եք ասել՝ սկսված պայքարն անիմա՞ստ է։

- Ես ո՞նց կարամ նման գնահատական տամ, բոլոր դեպքերում՝ մարդիկ եթե ինչ-որ բան մտածել են, ինչ-որ բան, ուրեմն հաշվարկել են, որ կարող են անել, ես միայն ողջունում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ