Քաղաքապետը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են իրականացվող ծրագրերում Երևանը ներառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նկար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ, հայտնում են քաղաքապետարանից։

Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև՝ այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտել այն ուղիները, որոնցով բրիտանական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները:

Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների առնչությամբ:

--00—ԼՄ