Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Իրավիճակը գնահատում եմ փայլուն, որովհետև այն խնդիրը, որ մեր առջև դրվել է, լիովին կատարվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ 

«Արժանապատիվ քաղաքացիները մեր կոչով առավոտյան ութից դուրս եկան փողոց, վաթսունից ավելի փողոց փակվել էր, քաղաքը՝ պարալիզացվել։ Փաստացի ապացուցվեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնել ու պահանջում է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերը չսպասարկող իշխանության հեռացումը։ Նիկոլի միակ հենարանը մնացել է ոստիկանական բիրտ ուժը, որը, հաճախ տեղիք տալով ՔՊ-ականների սադրանքներին, ապօրինի ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բայց կարծում է, որ էսօր հասկացան՝ երկար չեն ձգելու, հայ մարդը փողոցում է», - ասել է նա։ 

Ըստ Սաղաթելյանի, ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել հինգ հարյուրից ավելի քաղաքացիների, «ոստիկանական բաժիններում տեղ ու դադար չկա»։ «Ոստիկանությունը վարձել է տուրիստական ավտոբուսներ, որպեսզի կարողանա այսքան քաղաքացի բերման ենթարկի։ Բայց միևնույն է՝ չեն կարող, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է», - ասաց նա։ 

Ընդդիմադիր գործչի խոսքերով, իրենք «ամեն ինչ ծրագրել ու հաշվարկել են»։ «Այն տպավորությունը, որ մի օր հոգնելու ենք, մաշվենք, սխալ հույսեր էին։ Հինգ հարյուր մարդու ձերբակալում են, հանրահավաքի թիվն աճում է, սա է տպավորությունը», - հավելեց Սաղաթելյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։