«Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

նկար

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայի լեռան «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին BMW 5 մակնիշի ավտոմեքենան վարած և վթարի հետևանքով մահացածի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 27-ամյա Էրզիկ Ազիզյանն էր։ Պարզվել է նաև, որ այդ օրը դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունները, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 հոգի, չեն հիմնավորվել։ Մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մայիսի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմանում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս էին բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Քաղաքացիների ավտոմեքենաներին էին մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել էին շտապօգնության ավտոմեքենա, և պարզվել էր, որ նրանցից մեկը մահացած է:  

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն փրկարարների օգնության կարիք չէր եղել:  

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը:  

--00—ԼՄ