ՌԴ փոխվարչապետի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

download (1).jpg

Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա մի շարք գերատեսչություններում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։

Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման լինելու է առևտրային ապրանքների տեղափոխման հետ կապված խափանումների հարցը։

Աղբյուրը հաղորդում է, որ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նվազել են Թուրքիայի և Ռուսատանի միջև առևտրաշրջանառության ծավալները, այնինչ նախորդ տարի ընդհանուր ծավալը կազմել էր 33 մլրդ 25 մլն դոլար։

Նշվում է, որ ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքով մի շարք եվրոպական ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Այս ամսից սկսած Ռուսաստանը ԵՄ-ից և Աֆրիկայից ոչ մի արտադրանք չի կարողանալու գնել։

Երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են ռուսական շուկայում թուրքական ընկերությունների ներգրավածությանը միտված քայլերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակի գործարար համաժողովին։

--00--ՀԶ