Կանադան փակել է մուտքը մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում նախագահ Պուտինի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Կանադա Պուտին

Կանադայի իշխանությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, որոշել են արգելել Ռուսաստանի մոտ 1000 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքն իրենց տարածք, սրանք այն մարդիկ են, որոնք նախկինում ենթարկվել են կանադական պատժամիջոցների։

Այս մասին Twitter-ում գրել է հյուսիսամերիկյան երկրի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն, փոխանցում է news.am-ը։

Նրա խոսքով՝ «Կանադան աջակցում է Ուկրաինային» եւ մտադիր է «Ռուսաստանին պատասխանատվության կանչել»։ «Այդ պատճառով մենք հենց նոր հայտարարեցինք Կանադա մուտքի արգելքի մասին մոտ հազար ռուսաստանցիների, այդ թվում՝ Պուտինի եւ նրա շրջապատի անդամների համար»,- ասել է պաշտոնյան։ Նա պարզաբանել է, որ այդ մարդիկ նախկինում ընդգրկված են եղել Կանադայի պատժամիջոցների ցուցակներում։

Հայտարարության մեջ նախարարությունը պարզաբանում է, որ միգրացիոն օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն, որը թույլ է տալիս վիզա չտրամադրել պատժամիջոցների տակ գտնվող անձանց։

Օտտավան բազմիցս սեւ ցուցակում ներառել է ռուսաստանցիների, որոնք, նրա կարծիքով, կապ ունեն Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների հետ: Ինչպես պարզաբանվել է, այս ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ Կանադայում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ նրանց մուտքը երկիր կարգելվի։

--00--ԱԱ