ՀՀ-ից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ՀՀ դատախազության առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արթուր Դավթյան Եգիպտոս

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Եգիպտոս շարունակվում է:

Այսօր Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարակվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերարդարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները: Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում կայացած իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Արթուր Դավթյանը նշանակալի է համարել այն իրողությունը, որ իր այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Եգիպտոսը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի ընթացիկ տարվա նախագահությունն ստանձնած երկիր:

Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայությունը, որի ղեկավար Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին նախագահում էր նախորդ տարի կայացած վերոնշյալ համաժողովի հերթական նստաշրջանը, լրջագույն դերակատարում ունի այդ երկրի իրավապահ համակարգում և հատկապես հակակոռուպցիոն պայքարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ կողմերն նշված ոլորտում կկարողանան ձևավորել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ աջակցության կայուն կառուցակարգեր:

Նա շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայում հանդիսանում է ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Այդ նպատակով ՀՀ դատախազությունն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը, որտեղ Եգիպտոսի հետ գործակցությունը կարևոր քայլ է արաբական մեծ աշխարհի հետ իրավական ոլորտում հարաբերությունները նոր որակի բերելու ճանապարհին:

Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին վերահաստատել է երկու երկրների համար առաջնային համարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով ՀՀ դատախազության հետ հետագա համագործակցության խորացման հարցում իր ղեկավարած կառույցի շահագրգռությունը: Այս առումով նա ընդգծել է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև գործացկության իրավական բազայի ամրապնդմանն ուղղված քայլերը:

--00--ԱԱ