Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

 

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հայտում է ԲԴԽ-ն։

Այս փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին)՝ 50 տոկոսի չափով։

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

Հիշեցնում ենք, որ Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն (հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող) պալատները համալրելու նպատակով հայտերը Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819) սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ: