Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

,

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդարաններում գործող բարեկամության խմբերը։

Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ, սակայն ժողովրդավարությունը դժվարին և պատասխանատու ճանապարհ է, որով պետք է առաջ ընթանալ:

Երկուստեք կարևորվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր էջ բացելու հնարավորություն է ընձեռում՝ ամբողջովին այլ որակ հաղորդելու երկկողմ համագործակցությանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտուրի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին:

--00--ԱՀ

Տեսանյութեր