Մեծ Մասրիկում վեճի ժամանակ մեկը քարով խփել էր գլխին, մյուսը՝ դանակով կրծքավանդակին ու որովայնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 15-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ կտրած-ծակած վերքերով Մեծ Մասրիկ գյուղից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18.20-ի սահմաններում տղամարդը վիճաբանել էր մի խումբ անձանց հետ։ Վեճի ժամանակ նրանցից մեկը քարով խփել էր գլխին, իսկ մեկ ուրիշը՝ դանակով խփել կրծքավանդակին ու որովայնին։

Վարդենիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց վիճաբանությանը մասնակցած անձանց շրջանակը։ Ժամեր անց կասկածվողները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին ներկայացավ նաև 35-ամյա մի տղամարդ:
Հարուցվել է քրեական գործ։

--00—ԼՄ