Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

image_750x_6287a1089f8a7.jpg

Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ժողովի ընթացքում քննության առնվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և Մյուռոնօրհնության կազմակերպական աշխատանքների ընթացքը: Այս ուղղությամբ կատարվածի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ընդունելով զեկույցն ի գիտություն՝ ԳՀԽ անդամները մասնավոր իրենց գոհունակությունը հայտնեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին՝ գնահատանք փոխանցելով սրբազան այս առաքելության արդյունավորման գործում իրենց նպաստը բերող բոլոր կառույցներին և անհատներին։ Քննարկելով առաջիկա Մյուռոնօրհնության արարողությանն առնչված հարցերը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մյուռոնօրհնությունը կազմակերպել 2023 թվականին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը։

Ժողովին Արցախում տիրող իրավիճակի մասին զեկույց ներկայացրեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մասնավորապես անդրադառնալով առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ի նպաստ հոգևոր, բարոյահոգեբանական, հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությանը։ Վրթանես եպիսկոպոսը տեղեկություններ փոխանցեց թեմում սպասավորող քահանաների հովվական ծառայության ու առաքելության վերաբերյալ՝ իրազեկելով երիտասարդության հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ։

Զեկույցում Արցախի թեմի առաջնորդն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պղծման, յուրացման և ոչնչացման դեպքերին՝ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականության կանխման գործում կարևորելով միջազգային հանրության դերակատարությունը։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ընդունեց Արցախի թեմի հոգևոր սպասավորների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խնամատար նվիրյալ գործունեությունը։ Ժողովականները հորդորեցին Հայաստանի և սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև հայաստանյան թեմերի կողմից պարբերաբար ուխտագնացություններ կազմակերպել դեպի Արցախ։ ԳՀԽ նաև կարևոր նկատեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով խնդրի հետևողական արծարծման անհրաժեշտությունը միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական հարթակներում:

Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության առավել զորացման վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Վերջինս խոսեց հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, առկա խնդիրների և առարկայի ուսուցիչների ժրաջան ու նախանձախնդիր աշխատանքի մասին։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների հետ կանոնավոր կազմակերպվող հանդիպումների, ինչպես նաև թեմերի քրիստոնեական դաստիարակության պատասխանատուների հետ առկա գործակցության և նախանշվող համատեղ ծրագրերի մասին։

ԳՀԽ անդամները, կարևորելով հոգևոր դաստիարակության ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, թելադրեցին շարունակել այս ուղղությամբ աշխատանքները։ Խորհուրդը մասնավորապես ողջունեց թեմերում քրիստոնեական դաստիարակության կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների առավել համակարգված գործունեության կրթական ծրագրի նախապատրաստման նախաձեռնությունը՝ հորդորելով համապատասխան մասնագետների ներգրավմամբ ամբողջացնել ծրագիրը և հրատարակության պատրաստել անհրաժեշտ կրթական ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ տիրող մտահոգիչ իրավիճակի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

--00--ՀԶ             

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր