Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 3-րդ բանակային զորամիավորման առավել աչքի ընկած զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ մայիսի 20–ին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր եւ մարտական դիրքեր։

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության կայքից, Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային եւ զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով եւ ժամանակին կատարելու վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետեւ ուղեւորվել Հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարը պարգեւատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաեւ արդեն ընթացքում գտնվող եւ առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։

--00--ԱՀ