ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21 24News

քաղաքական

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցություններին, փոխանցում է 1lurer.am-ը:

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն: Մենք շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին և հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը, օգտագործել ուղղակի ներգրավման համար գոյություն ունեցող մեխանիզմները և ձգտել գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար, ինչպես նաև կարգավորել իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- նշել է Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման և պահվող հայ անձանց վերադարձի հարցերին: