ՀՀ օրվա իշխանությունն իր գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցներին. ՀՅԴ ՀԳՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների: Անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դեմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում ձևավորված դիմադրության շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը,  իրավապահ համակարգը թիրախավորել է շարժման մեջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնյակ ձերբակալումներն ու կալանավորումները, բռնության կիրառման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարավոր ապօրինի բերման ենթարկելու դեպքերը  փաստում են, որ մեկ անձի դիկտատուրական հակումների բավարարման համար իրավապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրավունքի և բարոյականության նվազագույն պահանջները: Վերջիններս առանձնակի ցինիկությամբ հարձակվել են դիմադրության շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցության վրա: Ապօրինի հարուցվող բազմաթիվ քրեական գործերը,  կուսակցության գրասենյակների, անդամների և համակիրների բնակարաններում իրակացվող խուզարկությունները, տասնակների հասնող հարցաքննությունները, ձերբակալությունները, քաղաքական կալանավորումները փաստում են ազգադավ իշխանության մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս:

Բոլորի ուշադրությունը հրավիրելով Դաշնակցության նկատմամբ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին՝ զգուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանության և նրա կամակատար բոլոր անձանց.  օրենքների ողջ խստությամբ պատասխանատվության պահը մոտ է:

--00--ԱԱ

Տեսանյութեր