Աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացրել է Վրաստանի՝ որպես տրանսպորտային միջանցքի դերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Սալոմե Զուրաբիշվիլի

 
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանում՝ խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի մասին, որը հանգեցրել է տրանսպորտային միջանցքների փոփոխությունների, հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացրել է Վրաստանի՝ որպես տրանսպորտային միջանցքի դերը։

«Պատերազմն ընդգծում է այլընտրանքային տրանսպորտային համակարգերի արագ զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարման շղթաները պահպանելու համար։ Չնայած իր հարևանության մարտահրավերներին, Վրաստանը, իր աշխարհագրական դիրքի պատճառով, որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի և Հին Մետաքսի ճանապարհի վրա գտնվող երկրների միջև, ինտենսիվ համագործակցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ՝ նոր էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցման նախագծեր մշակելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով, աշխարհաքաղաքական համատեքստն ավելի է ամրապնդում Վրաստանի դերը՝ որպես Ասիա տանող դարպաս և որպես հիմնական տարանցիկ-լոգիստիկ հանգույց, որը կարևոր օղակ է ապրանքների շարժման համար այն ջրանցքով, որը կապում է Սև ծովը, Կովկասը և Եվրասիական մայրցամաքը.

«Եվրոպական ինտեգրման ճանապարհին նոր պատմական ձեռքբերումների ֆոնին Վրաստանը փորձում է զարգացնել իր կապերը ասիական տնտեսությունների հետ, հատկապես ազատ առևտրի համաձայնագրերի և համագործակցության ընդլայնման միջոցով»։

--00--ԱԱ