Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի՝ «Ինձ համար Միցոտակիս անունով մեկը չկա» արտահայտությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

download.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում քննադատել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին: Վերջինս ԱՄՆ-ին հորդորել էր F-16 կործանիչներ չտրամադրել Թուրքիային: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այս կոչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այսուհետև ինքը չի ճանաչում Միցոտակիս անունով մեկին:

Հունական կողմը, ի պատասխան Էրդողանի վերոհիշյալ հայտարարությանը, նշել էր, որ Միցոտակիսը պաշտպանում է Հունաստանի իրավունքներն ու շահերը և իրենք մտադիր չեն Թուրքիայի նախագահի հետ բանավեճի մեջ մտնել, որովհետև իրենց քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է:

Թուրքիային նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից, այժմ ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է Հունաստանի վարչապետի հայտարարությանն ուշ արձագանքելու մեջ՝ նշելով. «5 օր հետո նոր խելքներդ գլուխներդ եկա՞վ»:

Դավութօղլուն քննադատել է նաև այն բանի համար, որ մինչ այժմ Թուրքիայում Հունաստանի դեսպանը չի կանչվել արտաքին գործերի նախարարություն:

Նա մասնավորապես ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պետական շահերը պետք է պաշտպանվեն ոչ թե անձնական էգոյով, այլ սառնասիրտ քայլերով ու արձագանքներով։

«Եթե ​​դու քայլեիր «պատվավոր ու անհատականություն հանդիսացող քաղաքական գործիչների» հետ, չէիր շփվի քեզ ու մեր երկրին վիրավորող Թրամփի հետ: Դու այդքան չէիր ստորանա, որ հանդիպեիր Բայդենի հետ, ով մեղադրում էր մեր ազգին ցեղասպանություն գործելու մեջ: Դու չէիր սպասի Պուտինի դռան մոտ, ով սպանեց մեր տասնյակ զինվորների»,- ասել է Դավութօղլուն:

--00--ՀԶ