Հայաստանի և Ս․ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ ուղերձներ են փոխանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

1

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում, արձանագրելով փոխվստահությամբ, հարգանքով ու արդյունավետ երկխոսությամբ բնութագրվող հարաբերությունները, որոնք խարսխված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի և վաղեմի պատմական կապերի վրա, պատրաստակամություն է հայտնել շարունակել հարատև խաղաղության ու կայուն զարգացման միջազգային և տարածաշրջանային օրակարգի իրագործման, ինչպես նաև խաղաղ համագոյակցությանն ուղղված երկուստեք ջանքերը: Նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետի» բարձրագույն տիտղոսին արժանացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սրբազան քահանայապետի սկզբունքային դիրքորոշման համար։

Իր հերթին Վատիկանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վերջերս Երևանում բացված Առաքելական նվիրակությունը Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները բարեկամական ու անկեղծ ոգով զարգացման կարևոր վկայություն է։ Վերհիշելով երկկողմ բարձրաստիճան այցերը արք․ Գալագերը հավելել է, որ Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մասնավորապես բարոյական արժեքները, արդարությունը և խաղաղությունը խրախուսելու նպատակով։

--00—ԼՄ