ՌԴ-ն միտումնավոր է դանդաղեցնում Ուկրաինայում հարձակման տեմպերը․ Շոյգուն նշել է պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Շոյգու Ուկրաինա

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։ 
Այս մասին երեքշաբթի օրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զինված ուժերը, ի տարբերություն Ուկրաինայի ԶՈւ-ի, չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել խաղաղ բնակիչներ: Հակառակորդի հայտնաբերված կրակային դիրքերը և ռազմական օբյեկտները խոցվում են գերճշգրիտ զենքերով»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ բնակիչների տարհանման համար հայտարարվում է լռության ռեժիմ, ստեղծվում են մարդասիրական միջանցքներ, ինչը դանդաղեցնում է հարձակման արագությունը։ 
«Սակայն դա արվում է միտումնավոր՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- պարզաբանել է Շոյգուն։

--00--ԱԱ