Կարևորվել է կլիմայի փոփոխության հարցում փորձի փոխանակման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Մենք փորձում ենք համագործակցել մեր բարեկամների, այդ թվում` Հայաստանի հետ, օգնել նրանց, որպեսզի կլիմայի փոփոխության կանխարգելման գործընթացները հաջողությամբ պսակվեն՝ ասել է Կլիմայի փոփոխության համաժողովի` COP26-ի հարցերով Միացյալ Թագավորության տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանի, Մերի Գալստյանի և Վահագն Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և դեսպանության առևտրի և զարգացման հարցերի պատասխանատու Արտաշես Դավթյանը:

Դեյվիդ Մորանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստան ուրախությամբ է այցելում: Նա կարևորել է խորհրդարանի դերակատարությունն ու ուշադրությունը կլիմայի փոփոխության հարցերի օրակարգերի վերաբերյալ:

Բաբկեն Թունյանը կարևորել է համատեղ և համակարգված աշխատանքը` նշելով, որ Հայաստանն իր մասով ստանձնած հանձնառությունները փորձելու է լիարժեք իրականացնել:

Մերի Գալստյանը ներկայացրել է խորհրդարանի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ օրակարգերի առաջմղման գործընթացում`  թե' օրենսդրական դաշտում և թե' խորհրդարանական վերահսկողության մասով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովները մշտապես կապի մեջ են գործադիրի հետ:

Ըստ պատգամավորի` չնայած համավարակի և 2020 թ. զինված հակամարտության ճնշող մարտահրավերներին` ՀՀ Կառավարությունը շարունակել է կենտրոնացված ուշադրություն դարձնել կլիմայական և բնապահպանական օրակարգին: Մասնավորապես, 2021 թ. Կառավարությունն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումներ (NDC), Ազգային հարմարվողականության (NAP) ծրագրերը:  Նրա խոսքով` Կառավարության` Կլիմայի միջգերատեսչական խորհրդի մասին որոշումն արդյունավետորեն պարզեցրել է կլիմայի հետ կապված որոշումների կայացումը:

Խորհրդարանը հետևում է նաև գործադիրի եռամսյակային, կիսամյակային և տարեկան զեկույցների արդյունքներին:

Մերի Գալստյանը կարևորել է հանրության հետ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև  այլ խորհրդարանների փորձի ուսումնասիրությունը:

Խոսելով էներգիայի արտադրության մասին` պատգամավորը նշել է, որ մինչև 2030 թ. Հայաստանի նպատակն է ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արևային էներգիայի մասնաբաժնի 15 տոկոսին, իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինը կկազմի 54 տոկոս: Սա համապատասխանում է ԵՄ կանաչ գործարքի սկզբունքներին, որոնք ծառայում են որպես կարևոր ուղեցույց և հավակնությունների սանդղակ Հայաստանի` կանաչ օրակարգի հաստատման և կայուն զարգացման ճանապարհին:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցերին:

--00--ԱՀ