554 մլն դրամ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացվեց։ Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

50 մլն դրամ՝ Երևանում սոցիալական աջակցության համար: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում: Հարկ է նշել, որ համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր:

Ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ – վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը:

Նիստին հաջորդել է հարցուպատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:

Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 21-ին:

--00--ԱՀ