Գերմանիայում անհանգստացել են ռուս տուրիստների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Թուրքիա ռուս տուրիստներ

Չնայած կորոնավիրուսի համաճարակին` Թուրքիան անցյալ տարի ընդունել է 4.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ, այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը՝ պնդելով, թե ռուս զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են  տուրիստական շրջանի բացմանը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ գերմանական «ARD» հեռուստաընկերությունը օրերս քննադատել էր Թուրքիայի տուրիստական քաղաքականությունը: Ըստ գերմանական հեռուստաընկերության՝ Թուրքիան չի մասնակցում ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին:

Նշվում է, որ Թուրքիան նպատակ ունի հյուրընկալել ռուսաստանցի բազմաթիվ զբոսաշրջիկների՝ նրանց համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Դրանցից մեկն էլ վճարային համակարգի հեշտացումն է:

«Չնայած Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսներն այս տարի հանգստանան Թուրքիայում»,- նշում է գերմանական հեռուստաընկերությունը:

Նշվում է նաև, որ թուրքական ավիաընկերություններն ընդդիմացել են ռուսական ավիաընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցներին:

--00--ԱԱ