Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել. ՍիվիլՆեթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ոստիկաններ պարգևավճար

Ոստիկանության ծառայողներին մայիս ամսվա ընթացքում 3,12 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել։ Այս մասին ՍիվիլՆեթ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Սույն թվականի մայիս ամսվա ընթացքում հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711.721,2 հազ. դրամ [711,7 մլն դրամ] և մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2.408.733,3 հազ. դրամ [2,4 մլրդ դրամ] գումարներով։ Արդյունքում, ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը` ներառյալ տարեսկզբից՝ ամսական և մայիս ամսին՝ միանվագ պարգևատրման գումարները, կազմել են 283 000 դրամ, զուտը` 218 100 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

Մայիսի 20-ին Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ։

«Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ»,- ասված է պարզաբանման մեջ։

--00--ԱԱ