Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։

Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության համար։

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ, անհրաժեշտ նկատել, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։

Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրել է նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները։ 

--00--ԱՀ