ՀՀ ՄԻՊ-ը Ջոն Գալագերին է ներկայացրել Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին և Արևելյան Հարևանության պորտֆոլիոյի ղեկավար Լիզ Մաքքլեյմոնտին:

Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մարտահրավերները՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիներ ու քաղաքացիական անձանց վերադարձի, ինչպես նաև նրանց ու Արցախից տեղահանված ընտանիքների հոգեբանական և սոցիալական աջակցության խնդիրներին, սահմանամերձ համայնքների խնդիրներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանության մեխանիզմներին, տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումներին, ներկայացնելով դրանց հասցեգրմանն ուղղված Պաշտպանի հաստատության գործունեությունը։

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՄԻՊ հաստատության հետ դեսպանության կողմից իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում։

Դեսպան Գալագերի առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորմանն ուղղված գործողություններին՝ ընդգծելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ամբոխի կառավարման տակտիկաների, ռազմավարական հաղորդակցության, տակտիկական պլանավորման հմտությունների, ինչպես նաև երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործելակերպերի զարգացման ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է նաև արձանագրված խախտումների ուղղությամբ հաստատության կողմից կատարվող աշխատանքն ու ընթացիկ արդյունքները։

Դեսպանը հետաքրքրվել է նաև ԶԼՄ-ների մասին օրենքում վերջերս առաջարկված փոփոխության էությամբ և հարցրել Պաշտպանի տեսակետը։

Ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է, որ նախագծի վաղ փուլից իր գրասենյակը հեղինակների հետ աշխատել է նախնական տարբերակի լրամշակման ուղղությամբ, ինչպես նաև մանրամասնել, որ այդպիսով ապահովվել է, որ պետական մարմինը որևէ հայեցողություն չունի լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու համար։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

--00--ԱՀ