Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

timthumb.jpg

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Բազեյանը 2-3 հաշվով զիջել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին և արծաթե մեդալ նվաճել: Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է, չլիներ: Շնորհակալ եմ նաև ինքս ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյում Գոմցյանը: Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում երկրորդ արծաթե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երիտասարդ բռնցքամարտիկը եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և հռչակվել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: «Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո նրան: Ինձ համար Ռաֆայելը բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը շատ փորձառու է, մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը: Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Համբարձում Մաթևոսյանը և Հակոբ Արշակյանը ևս մասնակցել են պարգևատրման արարողությանը՝ մրցանակներ հանձնելով 92 կգ քաշային կարգի մեդալակիրներին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը: Սա Մանասյանի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում. «Ուրախ եմ, Եվրոպայի այս առաջնությունում գրավեցի երրորդ տեղը: Լավ մարտեր եմ անցկացրել: Կիսաեզրափակիչի մենամարտի մասին ասելիք չունեմ, ամեն ինչ անելու եմ ավելիին հասնելու համար»:

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար: Երևանի կենտրոնում առաջնության օրերին գործել է երկու ֆան գոտի: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը ներկայացված է եղել բոլոր 13 քաշային կարգերում:

--00--ՀԶ