Չեխիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ, շրջել Հիշողության պուրակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր վարչության պատվիրակությունը՝ բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ, հունիսի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Չեխիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Ռադիմ Դրագունը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվիրակության անդամներին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին չեխ հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ Ռադիմ Դրագունը ջրեց տարբեր տարիներին չեխ պետական գործիչների տնկած արծաթափայլ եղևնիները:

--00—ԼՄ