«Ren.tv»-ն Ռոբերտ Քոչարյանին անվանել է «հետխորհրդային տարածաշրջանի առաջին քաղբանտարկյալ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Ռուսական «Ren.tv»-ն ռեպորտաժ է պատրաստել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակում կան Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին որոշակի գնահատականներ։

Տեսանյութի հեղինակը, անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտին, նշել է, որ նրա նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել։

«Թե ինչ մեղադրանք է, դեռ չի հայտարարվում, բայց դատախազությունը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել՝ մեկ կոռուպցիա էր, մեկ՝ պաշտոնական դիրքի չարաշահում, մեկ՝ իշխանության բռնազավթում», - հայտնում է ռուսական լրատվամիջոցը, ապա տեղեկացնում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշել է արտահայտվել ՀՀ նախկին նախագահի գործի մասին՝ նշելով, որ Քոչարյանը տեղյակ չի եղել այն հրամաններից, որոնք այդ ժամանակ տալիս էին ուժայինները։

«Մի քանի ժամից Օհանյանը հարցաքննության էր։ Մենք կարողացել են զանգահարել հենց այն պահին, երբ նա քննիչների հետ էր խոսում։

«Ես կոնկրետ նստած եմ քննչական կոմիտեում և չէի ցանկանա այն քննարկել»,-ասել էր Օհանյանը», - նշում է հեղինակը, ապա հավելում․

«Քոչարյանն այժմ աղմկահարույց և ունիկալ գործընթացի ֆիգուրն է։ Նա մեղադրվում է բռնի կերպով սահմանադրական կարգի տապալման համար, որն արդեն իսկ աբսուրդային է, քանի որ 2008 թվականին նա իշխանության էր, իսկ այ ցուցարաները զավթում էին կառավարական օբյեկտները, հարձակվում ոստիկանության վրա և փողոցում մեքենաներ այրում։

Քոչարյանն այդ ժամանակ կարողացավ հաշտության հասնել, որից հետո նրա իրավասությունների ժամկետը լրացավ, և նա հեռացավ պաշտոնից։ Ավելի քան 10 տարի ոչ ոք չէր էլ մտածում մեղադրանք առաջադրել։ Գործը հետաքրքրեց միայն նախորդ տարվա ամռանը՝ այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց»,-նշում է հեղինակը։

Ռեպորտաժում նշվում է, որ Քոչարյանը հարցազրույց է տվել, որի շրջանակում հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ դրանից մի քանի օր անց արդեն նրա տանը խուզարկություն էր, ապա հարուցվեց քրգործ։

«Չնայած նրա՝ օրենքով նախատեսված անձեռնմխելիությանը՝ նա հիմա իրավապահների հսկողության տակ է»,-նշում է հեղինակը, ապա մեջ բերում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարությունը, ըստ որի՝ գործում խախտումները շատ են, որոնք կապված են, օրինակ, ընտանիքին տեսակցելու արգելքի, անմեղության կանխավարկածի հետ։

«Ժողովրդավարության վերափոխման ֆոնին, որի մասին այդքան շատ խոսում է նոր իշխանությունը, եղածը նվազագույնը տարօրինակ է թվում։ Նախորդ նախագահը, հաշվի առնելով նրա գործի հանգամանքները, ոչ այլ ինչ է, քան քաղբանտարկյալ։ Նրա պաշտպանների բողոքներն արդեն ուղարկվել են Մարդու իրավունքների Եվրադատարան»,-ամփոփում է հեղինակը։