Ադրբեջանի ՊՆ-ն բարբարոսական աղճատումների է ենթարկում ՀՀ ինքնիշխան տարածքի տեղանունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

իրանագետ

Այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբն իրականում ոչ միայն չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է մեր դեմ հիբրիդային պատերազմը, նաև երևում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից, որոնցում բարբարոսական աղճատումների են ենթարկվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նման պաշտոնական վերջին կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը և դրանում գտնվող Մովսես գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանը և այնտեղի Վերին Շորժա գյուղը ներկայացված են օտարոտի անվանումներով, ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է առ այն, որ մեր դեմ հոգեբանական ազդեցության նպատակով վարվում է տեղանվանական պատերազմ։

Ընդ որում, Հայաստանը տեղանունների տեսանկյունից մեր տարածաշրջանում շահեկան վիճակում է, քանզի նաև մեր պատմական և աշխարհագրական ավանդույթը հնարավորություն է ընձեռում հենց հայերենին բնորոշ տեղանուններ կիրառել արհեստածին Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի նկատմամբ»։

--00—ԼՄ