Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բացել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Փետրվարի 15-ին, ինչպես արդեն նշել ենք, կառավարությունում փոխվարչապետ Ավինյանն ընդունել էր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին, որից հետո  Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան ու բացել Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Հանդիպման մասին այսօր հայտարարություն է տարածել նաև փոխվարչապեը Տիգրան Ավինյանը։ Ֆեյբուքյան գրառումը՝ ստորև․

«Երեկ երեկոյան ընդունել եմ Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:

Ասել եմ, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն իմ գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար»:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր կառավարություն, սակայն նրանք որևէ պատասխան չէին ստացել:

Հհոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: