ՀՀ նախագահը չունի հետաքրքրություն քաղաքական դաշտում, չի գործակցում որևէ կուսակցության հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով լրատվամիջոցներից մեկի տեղեկատվություն, թե նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:

«Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ:

Նախագահն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտության դեպքում  հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:

Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրում էր, որ, օրաթերթի տեղեկության համաձայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Նա համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, և, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին:

«Ասում են` նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ և մտքեր չկան։ Անգամ նման խոսակցություններ չեմ լսել։ Առաջին անգամ Ձեզնից լսեցի»»,-գրել էր օրաթերթը: