Հակոբ Արշակյանն ու Իտալիայի դեսպանն ընդգծել են 2 ժողովուրդների բարեկամական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 4, 24News

1085137.jpg

Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ Այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին»,-նշել է Արշակյանը:

Շնորհավորական խոսքում ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծել է, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին:

«Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։

--00--ՀԶ