«Լուսավոր Հայաստանի» հովանավոր փնտրելու փոխարեն զբաղվեք երկրի խնդիրներով. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ չեն խորշում այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։

Մարուքյանի գրառման մեջ, մասնավորապես,ասված է.

«Ի թիվս այլ զրպարտությունների, մամուլի այդ միջոցները տեղեկություններ են հրապարակում այն մասին, թե իբր «Լուսավոր Հայաստանը» հովանավորվում է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Այդպիսով, փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին։ Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում «Լուսավոր Հայաստանի» հովանավոր(ներ) փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով, որոնց լուծումը իշխանության ուղիղ պարտականությունն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում են ընդդիմադիր ուժի նկատմամբ իշխանության կողմից վերահսկվող մամուլի միջոցների այս գործելաոճը։ Սա ազնիվ խաղ չէ, ընդդիմախոսությանը լուտանքով պատասխանելը ժողովրդավարական Հայաստանին հարիր չէ։ Սա հարիր չէ նաև այն արժեքներին, որոք որպես ուղենիշ հռչակում էր Նիկոլ Փաշինյանը՝ թավշյա հեղափոխություն իրականացնելիս։

Տարակուսելի և դատապարտելի է սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած ուժի կողմից ընդդիմախոսների նկատմամբ ցուցաբերվող ատելության և անհանդուրժողականության գործելակերպը»։