Մեղադրում են «ծռերին» մատնելու մեջ. երևի, պետք էր մի քանի հարյուր զոհ լիներ. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը դեռևս հստակ որոշում չի կայացրել` 2020 թվականին որպես թեկնածու առաջադրվելո՞ւ է Արցախում նախագահի ընտրությանը, թե՞`ոչ: Այդ մասին նա ասաց 24News.am- ի հետ զրույցում:

«Ես Արցախի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել և, միաժամանակ, Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարը: Այնուհետև, երբ  օրենքի փոփոխության արդյունքում զինվորականներին իրավունք չէր վերապահվում զբաղվել նաև քաղաքականությամբ, 2005 թվականից` զորացրվելուց հետո, մտել եմ ակտիվ քաղաքականություն և եղել 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:  2012 թվականին  թեկնածությունս առաջադրել եմ նախագահական ընտրություններին և լուրջ ցուցանիշ ապահովել», - պարզաբանեց Բալասանյանը:

Նրա խոսքով՝ որոշել է սկսել կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև հասարակական ակտիվ գործիչների և կազմակերպությունների հետ: Երբ նրանք համամիտ կլինեն Բալասանյանի մտահղացումներին, այն ժամանակ էլ որոշում կկայացնի։

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությանը, Բալասանյանը նշեց, որ վերջինս պատահական մարդ չէ Արցախի համար, և բավականին լուրջ ճանապարհ ունի անցած ժողովրդի հետ:

«Ինձ համար ցավալի է, որ ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ նաև ուրիշներ, վերջին տարիներին Արցախում չեն եղել: Դա իր (Սամվել Բաբայանի- խմբ.) անձնական ընտրությունն է, բայց լավ կլիներ, որ ծառայությունից հետո մնար Արցախում: Ինչ վերաբերում է ստորագրահավաքի միջոցով սահմանադրական փոփոխության հասնելուն, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվելը հնարավոր լինի, ապա դա ժողովրդի որոշելիքն է`Սահմանադրության համապատասխան»,- ասաց Բալասանյանը:

Նա նշեց, սակայն, որ լուրջ չի ընդունում մեկ անձի համար, մեկ կետի հարցով սահմանադրական փոփոխություն անելը, քանի որ, ըստ Բալասանյանի, սահմանադրական փոփոխությունն իրենից մի ամբողջ փաթեթ պետք է ներկայացնի: Միևնույն ժամանակ, նա նաև ընդգծեց, որ Արցախի նոր սահմանադրության մեջ լուրջ փոփոխություններ կատարելու կարիք կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Անդրադառնալով Երկրապահ կամավորների միության շուրջ ստեղծված վիճակին՝ Բալասանյանն ասաց, որ ընդհանրապես, ցանկացած կազմակերպություն` լինի հասարակական թե քաղաքական, եթե նպատակ ունի երկրի անվտանգության ապահովմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու, ապա նրա գործունեության անհրաժեշտությունը կա։

«Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, դա ՀՀ ներքին խնդիրն է, և նրանք պետք է որոշեն: Ես կարծում եմ, որ բոլոր նման կառույցների անհրաժեշտությունը կա, բայց դրանք պետք է գործեն օրենքի տառին համահունչ»,- ասաց նա:

Բալասանյանը խոսեց նաև Մարտի 1-ի գործով պարբերաբար շրջանառվող` Արցախից զինծառայողների ներգրավածության մասին խոսակցություններին: Նա նշեց, որ ընդհանրապես, ներքաղաքական նման վիճակներում իրականացվում են հրատապ որոշումներ զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ, որպեսզի անձնակազմը  լինի հսկողության տակ:

«Այսօր ինձ համար դժվար է գնահատական տալ, սակայն ես համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերի մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին այն չէ, ինչի մասին բարձրաձայնվում է»,- նշեց Բալասանյանը:

Նա անդրադարձավ իրեն ուղղվող քննադատություններին՝ ասելով, որ շատ հանգիստ է վերաբերում դրանց:

«ժամանակ առ ժամանակ խոսում են Սասնա ծռերի դեպքերի մասին: Նրանք, ովքեր կողմնակից էին այդ գործողություններին, ինձ կապում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ: Վերջին ժամանակահատվածում նաև տեսնում եմ, որ ոչ թե հասարակ քաղաքացիներ, այլև նախկին բարձրաստիճան անձինք շատ բացասական են խոսում իմ մասին և ինձ մեղադրում են Սասնա ծռերին մատնելու մեջ. դե, երևի նրանց պետք էր մի քանի հարյուր զոհ և վիրավոր ունենայինք այն ժամանակ: Ես իմ գնահատականը մեկ անգամ չէ, որ հնչեցրել եմ: ՀՀ իրավապահ կառույցները մեղմ գնահատական են տվել նրանց գործողություններին: Չի կարելի այսօր հերոսացնել նրանց. դա վտանգավոր երևույթ է, և այսօր էլ կհորդորեի, որ մարդիկ սթափվեն և լուրջ մտածեն»,- ասաց Բալասանյանը:

Նա նշեց, որ ցանկացած երկրում նման գործողություններն անհաջողության են մատնված, և երևի դա եզակի դեպք է եղել աշխարհում, որ բարեհաջող է ավարտվել։

Դավիթ Աբաղյան