«Գորշ գայլերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ավստրիայի խորհրդարանի ընդունած այն օրինագծի վերաբերյալ, որով 2019թ. մարտից կարգելվի թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» ու մի շարք այլ կառույցների նշաններ կիրառելը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Մենք մեկ անգամ ևս դատապարտում ենք և անընդունելի համարում 2019թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշ խորհրդանշանների արգելման մասին օրենքը, որով արգելվում է «Գորշ գայլերի» նշանը»։

Արգելվող նշանների ցանկում է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) նշանը։

Ըստ հայտարարության՝ Անկարան սկանդալային է համարում այդ արգելքը, այն դեպքում, երբ այդ նշանն օգտագործվում է Թուրքիայի «կարևոր և օրինական»  քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ներկայացուցիչների կողմից։

Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով, դրանով փաստացիորեն «Գորշ գայլերի» նշանը միևնույն նժարի վրա է դրվում PKK-ի նշանի հետ։ Թուրքական կողմը հայտնել է, որ այս ամենն ի ցույց է դնում Եվրոպայում առկա պոպուլիզմի մասշտաբները։

«Այս անմիտ և անտրամաբանական որոշմամբ Ավստրիան թիրախավորեց ոչ թե առանձին քաղաքական կուսակցությանը և վերջինիս ներկայացուցիչներին, այլ Թուրքիայի ամբողջ քաղաքական համակարգը և լեգիտիմությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ից զգուշացրել են, որ տեղի ունեցածը լուրջ հետևանքներ կթողնի թուրք-ավստրիական հարաբերությունների վրա։ Ակնկալվել է, որ Ավստրիայում կվերանայեն ընդունված արգելքը։