BMW-ն սուզվել է Երևանյան լիճը. ձկնորսական ցանցերի պատճառով մեքենան դեռ չեն գտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել 15-րդ փրկարարական ջոկատը, այնուհետև՝ նույն ջոկատի 2-րդ մարտական հաշվարկը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մովսիսյանը դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։

ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնեց, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր և հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեց և այն կշարունակվի այսօր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: