Նյութական Հայաստանի թշվառությունը և հոգևոր պետության վերելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար
«Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ...»։

Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության», Բան ԻԳ, Ա 8

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սուրբգրային ընթերցանության իր մեթոդոլոգիան ունենա։ Որովհետև հոգևոր սնունդը այն պաշարն է, որը ընդունման ձևաչափ և կարգապահության յուրահատկություն է պահանջում։

Տարիների իմ փորձը ինձ բերել է հետևյալ հանգրվանին. Աստվածաշունչը սկսում ես կարդալ Հին Կտակարանից և հետո տարբեր հասակներում մի քանի անգամ վերընթերցում, ապա անցում ես կատարում Նոր Կտակարանին և դա դարձնում ես անավարտ պրոցես, երբ Հովհաննեսի «Հայտնության» վերջին տողը կարդալ֊ավարտելուց հետո նորից գալիս ես Մատթեոսի Ավետարանին`  շարունակությանը անկանգառ ընթացք  հաղորդելով։ Այստեղ ամեն մի հատվածի ավարտի և մյուսի սկսվելու մեջտեղում ընթերցվում են Սաղմոսները՝ 150 գլուխը բաժանելով յոթական մասի։ Վերոնկարագրյալին զուգահեռաբար քեզ հետ ընթանում է Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» տիեզերածավալ աշխատությունը։

Իհարկե, սա անհատական մոտեցման դրսևորման արդյունք է, և ամեն մեկը իր համար կարող է ինքնուրույն որոշել հոգևոր վարժանքների ձևը։ Խնդիրն այս չորս գրքերը` Հին և Նոր Կտակարանները, Սաղմոսները և «Մատյան Ողբերգությանը»-ը ոչ թե պարբերաբար, այլ անդադար, ամենօրյա ուտելիքի պես սերտելու մեջ է։

Ի՞նչու չորս ոչ թե երեք, որովհետև «Մատյան»֊ի էությունը ամբողջապես Սուրբ Գրքի բովանդակության հետևորդն է։

Նարեկացին յուրաքանչյուր հոգուն և ամբողջ աշխարհին տվեց Աստված - մարդ, երկինք - երկիր, հոգևոր - նյութական էությունների առանձին և հարաբերությունների ընդհանուր ճշմարիտ մեկնությունը։ Սուրբ Գրիգորը եղած ամեն ինչից ոչինչ բաց չթողեց և իր նկարագրությունների մեջ անվրեպ տեղադրեց աստվածայինի դրսևորման և մարդկայինի վարվեցողության բոլոր շերտերը։ Նա փառաբանեց Աստծուն ամեն ինչի համար և ցույց տվեց մարդու անկատարության բոլոր կողմերը։ Նարեկացին իր անձի մեջ է կուտակում մարդուս մեղսավոր, արատավոր, հանցավոր բոլոր բաղադրիչները և այս բեռով գնում է Տիրոջ մոտ։ Իր խոնարհության մեջ կատարելության հասած սուրբը գնում է Բարձրյալի հետ զրուցելու։

Նարեկյան աշխատության գլխավոր հաղորդումը մարդկանց այն է, որ ինչքան էլ մենք մեղանչումների մեջ կրկնվող լինենք և մեր անկման մեջ գահավիժող ու սայթաքումներում՝ հաճախակի` պիտի միշտ դառնանք դեպի Աստված և խնդրենք ու ասենք.

«Եվ ինչպես որ հաշվի չառար

Վեմի գլորվելը,

Անտեսի՛ր նույնպես սասանվելը դու փոքրիկ ավազիս...»

Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության», Բան Ծէ, Գ, 54֊55։

«Նարեկ»֊ը, ինչպես ընդունված է կոչել սուրբի աշխատասիրությունը, Աստվածաշնչյան շառավիղ է և այդպիսով աստվածաբանական ու փիլիսոփայական ձեռնարկներից ավելի բարձր է կանգնած։ Այն իր մեծությամբ ու խորությամբ, նշանակությամբ և օգտակարությամբ գալիս ու կցորդվում է Սուրբ Գրքին` ոչ թե հավասարվելով, այլ` անմիջապես բխելով նրանից և մնալով նրա մեջ։

Հետո արդեն, հոգևոր ինքնակատարելագործման զարգացումը շարունակելու համար, կարելի է և պետք է ուսումնասիրել մյուս մեծագույն և նշանակալի աշխատությունները, բայց դա արդեն ընտրության հարց է։ Մեկի համար, օրինակ, կարող է լինել Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսին» գիրքը, մյուսի համար՝ Էրազմ Ռոտերդամացու «Քրիստոնյա Մարտիկի Զենքը», մեկ ուրիշի դեպքում էլ` Ռենե դը Շատոբրիանի «Քրիստոնեության Հանճարը»։ Նշված ստեղծագործությունները համամարդկային նշանակության քրիստոնեական գանձեր և մշակութային կոթողներ են, որոնք մյուս այլ նմանարժեք աշխատությունների հետ միասին պառկում են կարդացածը հասկացողի, ուսումնասիրող-ընթերցողի մտքում, համարակալվում են սրտում, նորոգում հոգին, կերտում նոր մարդուն և մշտապես մնում քեզ հետ։

Եվ խնդիրը ոչ թե համեմատականներ անցկացնելու մեջ է, որովհետև ամեն մի մեծ գործ մրցակցությունից դուրս է ու փայլում է իր յուրահատկությամբ, այլ շարունակել պնդելու այն միտքը, որ սխալ չէ Աստվածաշնչից անմիջապես հետո ընդունել «Մատյան Ողբերգության»-ը և յուրացնել այն Սուրբ Գրքի հետ միասին։

Իզուր չէ, որ ձկնորս Պետրոսի, ում Քրիստոս Աստված Կեփաս կոչեց և ընտրեց որպես Իր վեմը` տալով նրան Երկնքի բանալիները, ինստիտուտը` Վատիկանը, այդ 2000-ամյա և ավելի ապրող ու ապրեցնող կառույցը Նարեկացուն հռչակեց Եկեղեցու Ուսուցիչ (լատիներեն նաև Doctor Ecclesiae)` դարերով ընտրված երեսունվեց բացառիկներից մեկը։

Ժողովուրդն ազգ է դառնում յուր մեծերի գոյությամբ, նրանց կյանքն ու գործը իր կենսակերպի մեջ արմատավորելով ու հետևելով, կիրառելով։ Ազգը համաշխարհային է համարվում, երբ նրա երևելիների ժառանգությունը զատված է նեղ ազգային բնորոշիչներից և համընդհանուր բնույթ, որակ ու տարածականություն ունի։

Մի մեջբերում. գրականագետ Հրանտ Թամրազյանը մի օր լսարանին հարցրեց. «Նկատե՞լ եք, որ Նարեկացին ոչ մի տեղ չի խոսում հայի, հայրենիքի մասին։ Մատյանում մեկ անգամ է ընդամենը հիշում Արարատը՝ այն էլ սեփական մեղքերի ծանրությունն ընդգծելու համար։ Մի անգամ էլ Հարության տաղում Մասիսը երևում է և վերջ. այ սա է համամարդկային ստեղծագործությունը»։

Նարեկացին մարդուն դեպի Աստված տանող ճանապարհի ուղեկցողն է, հոգու փրկության մատենագիրը և շիտակ կենսակերպի ուսուցիչը։

Հիմա՝ Հայաստան մեր օրեր։ Թշվառամտությունը ախտահարել է քաղաքական դաշտը, և գավառամոլությունը դարձել է վարքականոն։ Պրիմիտիվիզմը, պոպուլիզմը, դեմագոգիան ասպարեզի գլխավոր շարժիչներն։ Տարիներում ձախողված կրթական և վթարված մշակութային ոլորտները տալիս են իրենց նեխած պտուղները, երբ կոմսոմոլական ոճի շաղակրատ ջահելները, քննադատելու բարոյական իրավունքից զուրկ շատախոսները, տգետ ակտիվիստները, կիրթ խոսող գաղափարազուրկ դատարկպորտները, ազգայնական իրենց հորջորջող խավարամիտ գեղջկատեսակները և նմանատիպ սեգմենտը խցանված է պահում ելքի և լուսավոր առաջընթացի բոլոր հնարավորությունները։

Հայրենապաշտության լուզունգների ներքո միահամուռ ջանքերով դեպի գրողի ծոցն է ուղարկվում պետական վերջին հայրենիքը։ Որովհետև հայրենասիրությունը առաջին հերթին նշանակում է հայրենագիտություն։

Մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունն այն է, որ հայ մարդը, համընդհանուր առումով, կտրված է իր մեծերից` նրանց ժառանգորդը լինելու արժանավորությունը չունի և հետևորդը չէ, քանի որ անունից բացի տեղյակ չէ բովանդակությանը` ուստի չի կարող հետագծի պահողը լինել։ Ժողովրդի բոլոր դասակարգերը (մի քանի անհատի հանած) չունեն ներդաշնակություն ազգի մեծերի հետ, ուստի չեն կարող, իրավունք չունեն իրենց հռչակելու որպես Արտաշես Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Տրդատ Առաջինի, Պապ արքայի, Մաշտոցի ու Խորենացու, Այգեկցու ու Նարեկացու, Բագրատունիների և Լևոն II Ռուբինյանի, Թորոս Ռոսլինի ու Սարգիս Պիծակի, Մոմիկի և Ֆրիկի, Աբովյանի ու Բակունցի, Մյասնիկյանի և Չարենցի, Թամանյանի ու Կոստան Զարյանի, Սարյանի ու Մինասի, Ռաֆայել Իսրայելյանի և Վիկտոր Համբարձումյանի, Մաթևոսյանի ու Վազգեն Սարգսյանի և այլ բոլոր հայ մեծերի շարունակող ազգ։

Եվ այսպես չիմանալով անցյալը, խարխափելով ներկայում՝ ինքնահոսով սահում են դեպի թվացյալ ապագա, իսկ իրականում դեպի առ ոչինչ։Նեղանում են բոլորից, նեղվում են ամեն ինչից։

Մինչդեռ Չարենցի հարցադրումը, թե «ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս ու ո՞ւր ենք գնում»-ը  մնում է բաց և անպատասխան։

Ինքնության մեկնության ինստիտուտացումը և արժեքային համակարգի հեղինակավոր ազդեցությունը բացակայում են պետական կառավարումից և հասարակական գիտակցությունից։ Այնինչ Տերը մեզ, լրջանալու համար, հսկայական պաշարով է օժտել, ինչը հասկանալ ու մատուցել կարողանալ է պետք։

Ընտրյալ Մաշտոցը բացեց հայապահպանության դուռը, Ճշմարտամիտ Խորենացին մեր շտեմարաններում ամբարեց այն հունձքը, որի թթխմորից պետք է մշակվի պետական հայեցակարգը, իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացին, մանրանկարիչ Թորոս Ռոսլինը և Մոմիկ ճարտարապետը հայ քրիստոնեական միջնադարի սյուները դարձան։ Նրանց տիեզերական կերպարները հանդես են գալիս որպես Հայաստանի հիմնադիրներ և զարգացնում ու առաջ են տանում համամարդկային քաղաքակրթությունը`  այդպիսով ավելացնելով ու շատացնելով մարդկության մշակույթի և հոգևոր ինքնագիտակցության մեջ հայ մտքի, խոսքի, գույնի, ձևի ու էության աստվածայինը, հանճարեղը, արարչականը։ Հայ այս միջնադարականները հայկականությունը որպես շնորհընկալ երևույթ տվեցին մարդկությանը և շաղախեցին հայ ինքնությունը ցիվիլիզացիայի էվոլյուցիայի ֆունդամենտում։

Չմեռնող ու կյանք տվող են Մաշտոցը, Խորենացին, Նարեկը, Ռոսլինն ու Մոմիկը, քաղաքակրթական մյուս մեծերը, հայ մարդու կյանքում ինտելեկտուալ շրջադարձը, հոգևոր վերածնունդը, ինքնության բացահայտումն են ու յուրացումը նրանց հետ ու նրանցով պետք է լինի պայմանավորված։

Մենք համաշխարհային ազգ չենք, բայց աշխարհի արժանավոր ազգերի մեջ մեր տեղը գրավելու և դերը խաղալու իրավունքը հաստատելու հիմքեր ունենք` հավատքի, մտքի, կամքի և արժանապատվության խնդիր է։

Ի վերջո, քաղաքական ու հանրային այս ճահիճը մի օր չորանալու է` վերանա։ Հարցն այն է, թե վերջանալով ցամաքեցնելու՞ է պետականությունը, թե տեղում Հայաստան անունով համազգային կենտրոն պետություն է վեր խոյանալու, որը կլինի մոլորակի բոլոր հայերի ընկալման մեջ կյանքի գլխավոր գործոնը` անկախ զբաղեցրած կեցավայրից, կենցաղային զբաղմունքից և այլևայլ բաներից։

«Մեղքերով հնացած պատկերն իմ՝ քո ինձ տված,

Հալելով կրկին քուրաների մեջ խոսքիդ կայծակով՝

Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին»։

Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության», Բան ԺԹ, Ա 17֊19

Թող այսպես լինի։

 

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ