Ընդունեք տիկին Նազարյանի ինքնախոստովանությունը․ Աշոտյանը՝ ՏԻՄ ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լենա Նազարյանի հայտարարությանը։ Գրառումը՝ ստորև․

«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները:

Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը:

Հարցն այն է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություն հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումն ամեն գնով անցկացնել, թե չանցկացնել սեփական թեկնածուներին:

Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով և մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:

Ասեմ. այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապահովեցին իրենց անհայտ եւ անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը եւ հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:

Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ:

Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը»: