Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի՝ ԵԱՏՄ երկրների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Երևանում առաջին անգամ կանցկացվի ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշար, որին  կմասնակցեն «Բորիսֆեն»-ը (Բելառուս), «Արսենալ»-ը (Ռուսաստան) և «Բարսի»-ն (Ղազախստան): Հայաստանը կներկայացնի «Ուրարտու»-ն: Այդ մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։

«Նպատակն այն է, որ ԵԱՏՄ երկրների միությունը կայանա ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ նաև` սպորտի: Առաջին անգամ է, որ պրոֆեսիոնալ թիմերը այս երկրներից մրցելու են միմյանց դեմ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Երևանի «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանի խոսքով մրցաշարը նոր աստիճանի կբարձրացնի հայկական բասկետբոլը:

«Ուրարտու»-ն իր առաջ խնդիր է դրել խաղալ եվրոպական ասպարեզներում, այդ իսկ պատճառով ուզում ենք հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք հավուր պատշաճի ներկայանալ: Այս մրցաշարը մի փորձ է մեզ համար: Մեր մրցակիցների արդյունքները, որոնք գրանցել են իրենց ներքին առաջնություններում, հիմք կտան մեզ հասկանալու, թե արդյոք մրցունա՞կ ենք մենք»,-ասել է Կարեն Գիլոյանը:

Առաջին հանդիպումը թիմերը կանցկացնեն փետրվարի 23-ին նախկին «Միկա» մարզահամալիրում («Ուրարտու»-«Բարսի» 19:00):