Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին և հանգիստ քնել․ մահացածի քույրը դիմել է Ծառուկյանի կնոջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 18, 24News

Thumbnail

Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյին պատկանող «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում  փետրվարի 10-ին մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին.

29.01.2019. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սեւով ներկված:

Այդ օրվանից լուրերում շրջանառվում է միայն Մանուկյան ազգանունը, և ես՝ լինելով Մանուկյան «Կլանի» ներկայացուցիչ, ինչպես լրատվամիջոցներն են շահարկում, Ձեզ մի հարց ունեմ։

Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին եւ հանգիստ քնել՝ մտածելով, որ միգուցե Ձեր տղայի հրամանով հիմա ինչ-որ մեկը կյանքին հրաժեշտ է տալիս, իսկ պատճառը պարզ է. նա կարծում է, որ Աբովյան քաղաքը իրենն է, և բոլորը պետք է իրեն հնազանդվեն ու ենթարկվեն, հակառակ դեպքում մահն անխուսափելի է դառնում։ Նրա տված հրամաններից մեկի պատճառով եղբորս ընկերը՝ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը, տեղում մահացավ, իսկ եղբայրս՝ Ջիվան Հարությունյանը, ով երեկ կդառնար 21 տարեկան, 12 օր կյանքի ու մահու կռիվ տալուց հետո նույնպես կյանքից հեռացավ:

Ի գիտություն Ձեզ և շատերի, մեր Ջիվանը մի բացառիկ լուսավոր մարդ էր, օժտված աննկարագրելի բարությամբ, մարդասիրությամբ, ջերմ ու կարեկցող բնավորությամբ եւ այլ կարեւոր մարդկային արժանիքներով, որոնք, թերեւս, կիլոմետրերով հեռու են Ձեր տղայից ու նրա շրջապատից։ Իմ այս խոսքերը կարող է փաստել յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ շփում է ունեցել նրա հետ։ Այդ չարաբաստիկ օրն էլ նա դեպքի վայրում էր հայտնվել՝ րոպե առաջ եղբայրների կողքին լինելու ցանկությունից դրդված։

Հիմա խնդրում եմ ասեք, թե որդեկորույս ընտանիքները ինչպե՞ս են շարունակելու ապրել, իսկ Ձեր որդին ազատության մեջ իր հաճույքները վայելել։ Ինչո՞ւ Ձեր որդին պետք է շարունակի ապրել, իսկ իմ եղբորից մնան միայն հիշողություններ: Հե՞շտ է լինել մարդասպանի մայր՝ գիտակցելով, որ Ձեր մեղքի բաժինը մեծ է այսպիսի հրեշ մեծացնելու ու դաստիարակելու գործում, հե՞շտ է ապրել ու վայելել կյանքը՝ իմանալով, որ դուք շատերին զրկել եք կյանքից ու մարել շատ ընտանիքների օջախի լույսը։

Ձեր մեղքի բաժինը մեծ է նաեւ նրանում, որ Ձեր որդուն շրջապատել եք անսիրտ, անհոգի արարածներով, որոնց համար մարդկային կյանք խլելը ոչ այլ ինչ է, քան առօրյա զբաղմունք։

Անհայտ է, թե ինչքան ճակատագրեր դեռ պետք է խեղաթյուրվեն ձեր ընտանիքի թեթեւ ձեռքով: Հույս ունեմ, որ անգամ եթե օրենքով պատիժ չկրեք ձեր մեղքերի համար, պատասխան կտաք Աստծո դատաստանի առջեւ։

Հ.գ. Ձեր որդուն սխալ անուն եք ընտրել. Նվերի փոխարեն պետք է Պատիժ դնեիք»։

Հիշեցնենք, որ 21-ամյա երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի եւ կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով: Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:Վերջինս, փետրվարի 10-ին Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր»:

Այս բաց նամակին արձագանքել է Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով. «Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է  եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք  այլ քննչական գործողություններ:

Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի  հետ: Բոլորին հորդորում եմ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության տարածումից և անտեղի չշահարկել իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը»:

Պարզվում է «Պարտեզ» ռեստորանում կրակոցների ու սպանության դեպքի մասնակիցների շրջանակը. Մեկին գտել են